12/08/2022 12:36
Նախաձեռնել եմ ՄԻՊ-ին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը. Քրիստիննե Գրիգորյան
Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է, մեր ինքնության պահապանն ու զարգացման պատասխանատուն։
Այս առումով հատկապես կարևորվում է պետության կողմից երիտասարդների համար կրթական, մշակութային, սոցիալական ու հանրային տարբեր ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը:
Սկզբունքային է ներառական միջավայրի ձևավորումն ու խթանումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր կարողությունները ներդնել անհատի, հասարակության և պետության զարգացման գործում:
Երիտասարդների ուժեղ կամքի, զարգացման ու առաջընթացի բնական ձգտման և աշխատասիրության շնորհիվ են ստեղծվում ու կյանքի կոչվում նորարարական տարբեր ծրագրեր, որոնք ժամանակակից ու մրցունակ պետության բնութագրիչներն են:
Ուստի, խթանելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև խթանելով նրանց հասարակական և մասնագիտական առաջադիմությունը՝ պետությունը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին հասցեագրված դիմումների ուսումնասիրությունը փաստում է, որ պետական թիրախային աջակցության առավել մեծ անհրաժեշտություն ունեն մարզերում բնակվող երիտասարդները, ովքեր բավարար հնարավորությունների բացակայության պատճառով չեն կարող իրացնել իրենց կարողություններն ու իրավունքները:
Ուստի, համայնքահեն ծառայությունների, համայնքում երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացումը՝ կրթականից մինչև զբաղվածության ապահովում, լուսավորչականից մինչև քաղաքացիական կրթություն, պահանջում է պետության կողմից էլ ավելի մեծ ուշադրություն և ներդրում:
Կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց լսված լինելու իրավունքը՝ նախաձեռնել եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը, որի մասին տեղեկատվությունը կհրապարակվի հաջորդիվ:
Սիրելի երիտասարդներ, ապագայի մեր պատասխանատու քաղաքացիներ, շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ, թող երիտասարդական ավյունն ու կրթական անսահման հնարավորությունները դառնան ձեր ու մեր պետության զարգացած ու ապահով գալիքի կայուն երաշխիքը։