12/08/2022 12:15
«Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։
«Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում, սակայն նորածինը մահացած է ծնվել», - նշեցին հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:
Սահակ Ս.-ն արդեն տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։