12/08/2022 18:10
Բերձորից, Աղավնոյից և Սուսից ամեն ինչ տարհանում ենք, որ Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան․ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար
Արցախի Հանրապետության կառավարությունը Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանում է հայկական հուշարձանները։ 168․am-ի հետ զրույցում գործընթացին է անդրադարձել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Մենք այդ աշխատանքները սկսել ենք և տարհանում ենք ոչ միայն հուշարձանները, այլև գրադարանի գրքային ֆոնդը։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 հազարից ավելի կտոր գիրք ամբողջությամբ տեղափոխված է Ստեփանակերտ։ Տեղափոխում ենք Բերձորի, Աղավնոյի և Սուսի մոնումենտալ հուշարձանները, դրանք հավաքվում են մի տեղում Ստեփանակերտում։ Կան տարբեր առաջարկներ այդ հուշարձանների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու եկեղեցու մոտ ստեղծվի համապատասխան պուրակ և այնտեղ տեղադրվեն հուշակոթողներից մի քանիսը։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտակայքում ևս կտեղադրվեն որոշ հուշակոթողներ, խաչքարեր։
Կան նաև մասնավոր առաջարկներ, օրինակ, Շուշիի հուշարձանախմբի հեղինակից, որ նմանատիպ հուշարձանախմբի պուրակ կարող է ստեղծվել նաև Ստեփանակերտում, Մարտակերտում կամ այլ վայրում։ Այսինքն՝ մենք այս ամենը տեղափոխենք և արդեն կսկսենք այս կամ այն վայրում դրանք տեղադրել ու պահպանել։
Ունենք 12-13-րդ դարերի խաչքար, որը, բնականաբար, իր տեղն է գտնելու պատմաերկրագիտական թանգարանում»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին էլ հուշարձանները տարհանման փուլում են, ավարտվել է Ներքին Սուսի, Աղավնոյի մոնումենտալ հուշարձանների տեղափոխությունը։ Արդեն ավարտին է մոտենում Բերձորի ճանապարհի եզրերին գտնվող հուշարձանների տարհանումը։
«Հաջորդիվ զբաղվելու ենք Բերձորի կենտրոնական մասում գտնվող հուշահամալիրի խաչքերի տեղափոխության հարցով, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, դրանով ենք զբաղվում։ Այդուհանդերձ, մեզ տրված ժամկետում դուրս կհանենք բոլոր հուշարձանները։
Տարհանվող խաչքարերի, հուշարձանների և կիսանդրիների մոտավոր թիվը ներկա պահին 47 է։ Սակայն լինում են դեպքեր, որ տեղական իշխանությունը դիմում ու տեղեկացնում է, որ՝ այսինչ վայրում էլ խաչքարեր կան, մենք դրանց անմիջապես արձագանքում ենք։ Կան մարդիկ, որոնք դիմում են, որպեսզի տարհանենք նաև իրենց բակերում գտնվող որոշ հուշակոթողներ։ Այսինքն՝ երբ այդ ամենը տեղափոխենք, արդեն կոնկրետ թիվ կունենանք»,- հավելել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի Ադրբեջանի վարվող քաղաքականությունը հայկական մշակույթի նկատմամբ, այդ քաղաքականությունն Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում և իրականացնում է պետական մակարդակով։
«Հատկապես 90-ականներից հետո տեղադրված հուշակոթողները, հուշարձաններն անմիջապես ոչնչացնում են, դրա վկան Ջրականի եկեղեցին է և բազմաթիվ այլ եկեղեցիներ ու հուշակոթողներ, որոնք մնացել են օկուպացված տարածքներում։ Բնականաբար, այդ ամենը տեսնելով, մենք քաղպաշտպանության պլանի համաձայն՝ ամեն ինչ տարհանում ենք, որպեսզի նույն ճակատագրին չարժանանան»,- շեշտել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը։
Դեռևս այս տարվա մայիսին Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել՝ օկուպացված տարածքներում հուշարձանների պահպանության պետական խորհուրդ ստեղծելու մասին և, ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, այդ խորհրդում կքննարկվեն տարհանված հուշարձանների վերաբերյալ բոլոր հարցերը և կկայացվեն համապատասխան որոշումներ։
«Կան խաչքարեր, որոնք նվիրված են այն ազատամարտիկներին, որոնք զոհվել են այդ շրջաններն ազատագրելու ժամանակ։ Բնականաբար, այդ ազատամարտիկների երեխաները, հարազատները կդիմեն նման խնդրանքով, որպեսզի այդ խաչքարերը տեղափոխեն այս կամ այն վայր, որտեղ իրենք ապրում են։ Կարծում եմ՝ մենք բոլոր լուծումները կգտնենք»,- եզրափակել է Լեռնիկ Հովհաննիսյանը։