12/08/2022 20:05
«Մեր հնարավորությունները սպառված չեն, պետք է աշխատել, քայլեր ձեռնարկել, նախևառաջ՝ համախմբվել Արցախի շուրջ»․ Կարեն Միրզոյան
Օգոստոսի 25-ին Բերձորի և Աղավնոյի բնակիչները կլքեն իրենց տները, ռուս խաղաղապահներն էլ դուրս կգան Բերձորից, քանի որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տվել, նրան էլ հավանաբար ադրբեջանական կողմն է ժամանակ տվել: Հայերից դատարկված բնակավայրեր կմտնեն Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետով նախատեսված չէ այսկերպ հողերի հանձնում, խոսքը միայն այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին է և բոլորովին այլ ժամկետների մեջ։
«Ինչ վերաբերում է քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական, կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ։ Կարող եմ միայն շեշտել, որ դիվանագիտական ու այլ հնարավորություններն այս պահին սպառված չեն։ Այլ բան է, թե որքանով այն անձինք, որոնք այսօր պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար, կդիմեն այդ լծակներին ու քայլերին»,- նշել է Կարեն Միրզոյանը։
Այս տարի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»:
Արցախի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը չի ցանկացել մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ շեշտելով.
«Վաղուց ի վեր դադարել եմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ անիմաստ եմ համարում։ Համոզված եմ, որ այս հայտարարությունը՝ նշաձողն իջեցնելու վերաբերյալ, միայն բացասական ազդեցություն է ունեցել և ունենալու հետագայում։ Այն դժվարացնելու է այն մարդկանց աշխատանքն ու առաքելությունը, որոնք պետք է զբաղվեն Արցախի հարցով և որոնք ամեն ինչ պետք է անեն՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, նրա հիմնարար ազատությունների իրագործումը։ Իսկ այդ հիմնարար ազատությունների մեջ նախևառաջ մտնում է ինքնորոշման իրավունքը»,- շեշտել է Արցախի նախկին արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է Արցախի հետագա ճակատագրին և հեռանկարներին, ապա Կարեն Միրզոյանը դժվարացել է այժմ որևէ դրական բան ասել։
«Դատելով ընդհանուր զարգացումներից և այն պահվածքից, որը դրսևորում են իշխանությունները, պարզապես չեմ տեսնում որևէ դրական զարգացման հեռանկար։ Սակայն ինքս համոզված եմ, որ մեր հնարավորությունները սպառված չեն, խոսքն այն մասին է, որ պետք է աշխատել, քայլեր ձեռնարկել, նախևառաջ՝ համախմբվել Արցախի շուրջ։ Արցախի հարցը ոչ միայն արցախահայության հիմնահարցն է, այլև ողջ հայության հարցն է։ Կորցնել Արցախը՝ նշանակում է առաջին հարվածը հասցնել Հայաստանին»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը։