13/08/2022 19:44
Ի՞նչ է ճառագայթային հիվանդությունը և ի՞նչ դրսևորումներ ունի
Երբ օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը գերազանցում է թուլյատրելի չափաքանակը, առաջանում է ժառագայթային հիվանդություն: Այն կարող է առաջանալ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի արտաքին ընդհանուր ճառագայթահարման հետևանքով: Ռադիոակտիվ նյութերը կարող են կուտակվել հյուսվածքներում և օրգաններում` ստեղծելով մշտական ճառագայթահարման օջախներ:
Սուր ճառագայթային հիվանդությունն առաջանում է իոնացնող ճառագայթների մեծ չափաքանակների, իսկ քրոնիկականը` փոքր չափաքանակների տևական (ամիսներ և տարիներ) ազդեցության հետևանքով: Հիվանդության սուր ձևը կարող է նկատվել ռազմական իրավիճակներում` հակառակորդի կողմից միջուկային զենք կիրառելիս, իսկ խաղաղ պայմաններում` իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող ձեռնարկություններում: Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը կարող է առաջանալ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս` անվտանգության կանոնների խախտման հետևանքով:
Ճառագայթային հիվանդության ձևերը և կլինիկական դրսևորումները պայմանավորված են ճառագայթահարման բնույթով և չափաքանակներով: Բոլոր ձևերի համար ընդհանուր են օրգանիզմի օրգանների ու համակարգերի ֆունկցիաների խանգարումները: Ախտահարվում են կենտրոնական, նյարդային, արյունաստեղծման ու արյան շրջանառության, աղեստամոքսային համակարգերը, նկատվում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, որը դրսևորվում է թուլությամբ, գլխացավերով, սրտխառնոցով, քնի խանգարմամբ և այլն:
Սուր ճառագայթային հիվանդությունից հետո երբեմն դիտվում են մնացորդային երևույթներ` թուլություն, արագ հոգնելիություն, գլխացավեր, թույլ արտահայտված սակավարյունություն և նախատրամադրվածություն վարակիչ հիվանդությունների հանդեպ:
Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը խորանում է դանդաղ. նույնիսկ կարող է տարիներ տևել: Ուստի քրոնիկական ընթացքի բուժումը պետք է սկսել իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ հիվանդի շփումը դադարեցնելուց հետո:
Ճառագայթային հիվանդության կանխարգելման նպատակով իոնացող ճառագայթման աղբյուրների ոլորտում աշխատողներին անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները, հնարավորության դեպքում աշխատանքներն իրականացնել հեռակառավարման վահանակների օգնությամբ: Աշխատակիցները պետք է կանոնավոր կերպով ենթարկվեն բժշկական զննման և լինեն բժշկի անմիջական հսկողության ներքո։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։