13/08/2022 20:02
Ջերմահարություն․ Կարող է հանգեցնել հյուսվածքների՝ մասնավորապես գլխուղեղի թթվածնաքաղցի
Ջերմահարությունը (ջերմային տենդ) շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ պայմանավորված հիվանդագին վիճակ է, որն առաջանում է ջերմակարգավորման խախտումից: Հարկ է նշել, որ հատկապես կրծքի տարիքի երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց և անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց ջերմակարգավորումը կատարյալ չէ, և օդի բարձր խոնավությունից հաճախ է խախտվում:
Ջերմահարության առաջացմանը նպաստում են շոգ եղանակին հաստ հագուստ կրելը, տաք եղանակին ալկոհոլի ընդունումը և այլն: Օրգանիզմի գերտաքացման և ուժեղ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, արյունը խտանում է, աղային հավասարակշռությունը խանգարվում է, և առաջանում է ջերմահարություն: Դա հանգեցնում է հյուսվածքների՝ մասնավորապես գլխուղեղի թթվածնաքաղցի:
Արևահարությունն առաջանում է բաց գլխի վրա արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից:
Ջերմահարության առաջին ախտանշաններն են թուլությունը, մարմնի ջարդվածության զգացումը, սրտխառնոցը, գլխացավը և գլխապտույտը: Հետագա գերտաքացման դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40º C, նկատվում է փսխում, երբեմն` ուշագնացություն, ջղաձգություններ:
Մինչ բժշկի դիմելը, հիվանդին պետք է պառկեցնել ստվերում կամ լավ օդափոխվող սենյակում: Գլխի և խոշոր անոթների շրջանում (պարանոցի կողմնային հատվածներին, անութային և աճուկային հատվածներում) դնել սառույց կամ սառը ջրով թրջոցներ: Օգտակար է հիվանդին թաց սավանով փաթաթելը և օդափոխիչ միացնելը:
Ջերմահարությունից և արևահարությունից խուսափելու համար հարկավոր է պահպանել անվտանգության կանորնները տաք արտադրամասերում և այլ շոգ շինություններում աշխատելիս: Հագուստ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն լինի թեթև և օդաթափանց, իսկ գլուխը ծածկեք հատուկ հարմարանքներով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։