13/08/2022 16:17
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել։ Որոշումը կայացվել է նախօրեին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։
Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների՝ 39, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների՝ 22, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց՝ 239 անհատական գործեր, ինչպես նաև գործերով ներկայացված 349 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
Քննարկվող անհատական գործերից 300-ի մասով կայացվել է 349 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։ Անհատական 60 գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել է՝ իրավահաստատող փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով: Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։