13/08/2022 19:00
ԱՄՆ-ում գնաճը զսպելու համար 430 միլիարդ դոլարի հատկացումներ կարվեն․ Բայդենը ավելի էժան դեղեր և վառելիք է խոստացել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել գնաճի նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին, որով նախատեսվում է իշխանությունների կողմից 430 միլիարդ դոլարի հատկացում՝ նախանշված միջոցառումները կյանքի կոչելու համար։
Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը 755 էջից է բաղկացած, այն ներառում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված այդ թվում՝ դաշնային բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, քաղաքացիների կողմից առողջապահական ծախսերի նվազեցմանը, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։ ԱՄՆ-ում այս և այլ միջոցառումների համար անհրաժեշտ գումարային միջոցների մի մասն ակնկալում են ստանալ խոշոր կորպորացիաների հարկային բեռն ավելացնելու հաշվին․ ըստ հաշվարկների՝ այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել երկրում գնաճի մակարդակը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի ստորագրմանն է ներկայացվելու նշված օրենսդրական փաթեթը, Twitter-ի իր էջում գրառում է արել՝ նշելով․ «Այսօր ԱՄՆ ժողովուրդը հաղթեց։ Ավելի ցածր կլինեն դեղատոմսով բաց թողնվող դեղերի գները, ավելի քիչ՝ առողջապահական ու վառելիքի ծախսերը։ Անհամբերությամբ սպասում եմ օրենքի ստորագրմանը»։
Բայդենը հավելել է, որ սեպտեմբերի 6-ին Սպiտակ տանը հանդսավոր արարողություն է կազմակերպվելու՝ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու առիթով։