15/08/2022 18:58
«Մարդիկ եկել են, ուզում են արտաշիրմում անեն, տեղափոխեն»․ Բերձորի քաղաքապետ
Բերձորում տարհանման աշխատանքներ են իրականացվում, 168.am-ին հայտնել է Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Մարդիկ իրենց իրերն են հավաքում, 3 ընտանիք արդեն տեղափոխվել է․ մեկը՝ Արցախ, երկուսը՝ Հայաստան: Արտաշիրմում երեկ ոնց որ թե չի արվել, այսօր մարդիկ եկել են, ուզում են արտաշիրմում անեն, տեղափոխեն: Իրավիճակը հիմա այդպիսինն է»,- ընդգծել է նա:
Բերձորից Արցախ տեղափոխված ընտանիքը տեղավորվել է հյուրանոցում, իսկ Հայաստանում բնակարան են վարձակալել:
Հարցին՝ արդյոք տարբեր խմբեր գնացե՞լ են Բերձոր՝ բնակիչներին կոչ անելու չլքել իրենց տները, Նարեկ Ալեքսանյանը պատասխանել է․
«Ամեն դեպքում, Բերձորում որևիցե խմբի չեմ հանդիպել, այդ խմբերից Բերձորում չկան»։
Հիշեցնենք, որ Աղավնո, Բերձոր և Սուս համայնքների բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել՝ իրենց տները լքելու համար: