16/08/2022 14:36
Փլատակներում ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հույսն աստիճանաբար մարում է․ ԱԻ փոխնախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում նոր պայթյունի վտանգ չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն է ասել։
Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն՝ Համբարյանը պատասխանել է, որ ներկայումս տեսադիտարկմամբ փորձում են պարզել, թե ներսում ինչ նյութ կա:
«Շենքի ներս հնարավոր չի մուտք գործել, որովհետև փրկարարների համար վտանգավոր է: Շարունակելու ենք տեսադիտարկման միջոցով հասկանալ մնացե՞լ է հրավտանգ նյութ, թե՞ ոչ», - ասել է Համբարյանը:
Նա նշել է, որ գնալով հույսը մարում է, թե կկարողանան ողջ մնացած քաղաքացիների հայտնաբերել փլատակներում:
«Բացի շենքի հովացումից և տեսադիտարկումից որևէ գործողություն չի արվում: Մյուս գերատեսչությունների հետ պետք է մտածենք պլան՝ հասկանալու՝ ինչ անել շենքի կանգուն հատվածի հետ: Բայց, մինչ այդ, արտակարգ իրավիճակների նախարարությունը ամբողջ ճակատով աշխտում է որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ», - նշել է Համբարյանը:
ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ նախնական տրամադրվածությունն այն է, որ մինչև բոլոր անհետ կորածներին չգտնեն, «Սուրմալու»-ում պայթած շենքը չի քանդվելու: