16/08/2022 13:47
Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր. մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությունը: Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեությանն առնչվող հարցեր, որոնք առաջադրանքներ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Մենք, ինչպես և դուք, համոզված ենք, որ հիմնական կայունացնող գործոնը շփման ամբողջ գծի վրա հրադադարի պահպանումն է», - ասել է Շոյգուն:
Իր հերթին, Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը տարեսկզբից երկրորդն է, ինչը ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխազդեցության բարձր մակարդակը:
«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության դերը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: