16/08/2022 18:02
Սուրեն Պապիկլյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում: