17/08/2022 10:01
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կապ չունե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում խոսում են, որ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կապ չունեն: Շուրջ 2 շաբաթ է՝ ԶՊՄԿ-ն տեղական «Զանգեզուր» հեռուստաընկերությունը վերցրել է իր վերահսկողության տակ, և դա պարզորոշ երևում է լուրերի քաղաքականությունից ու հաղորդումների ուղղվածությունից:
Նախկինում անխնա քննադատում էին գործող իշխանություններին, հիմա չեզոք դիրքորոշում են որդեգրել: Նախկինում չէին անդրադառնում Սյունիքի մարզպետարանին, հիմա բոլոր միջոցառումներին կրնկակոխ հետևում են մարզպետին ու լուսաբանում նրա ամեն քայլը: Այդուհանդերձ, նախկին տնօրենը` Ալիկ Գրիգորյանը, դեռ դե յուրե TV-ի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն չի եղել, և ինքն էլ շարունակում է զբաղեցնել վարչական գծով տնօրենի պաշտոնը»։