17/08/2022 18:05
Քրտնախաշ. Մաշկի արձագանքը շոգ եղանակին
Քրտնախաշը մաշկի հիվանդություն է, որն առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին` կրծքի և կրտսեր տարիքի երեխաների շրջանում:
Քրտնախաշը առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում քրտնախաշ կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով:
Քրտնախաշը բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների քրտնախաշը առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը` կաթնագեղձերի տակ, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա:
Քրտնախաշի ժամանակ կարող են առաջանալ նաև բորբոքային պսակով պատված բշտիկներ: Քրտնախաշ կարող է առաջանալ նաև թույլ երեխաների գլխի մազածածկ հատվածում և սրվել մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով:
Քրտնախաշը բուժվում է բժիշկի կողմից: Կարևոր է մարմնի գերտաքացում առաջացնող գործոնների վերացումը: Օգտակար են օդային լոգանքները, բնակարանի հաճախակի օդափոխությունը, ջրային լոգանքները` ջրին ավելացնելով կալիումի պերմանգանատ, կաղնու արմատի կամ կատվալեզվի թուրմ: Լոգանքից հետո մաշկածալքերին կարելի է ցինկի օքսիդի ցանափոշի քսել, արևածաղկի եռացրած յուղով մշակել, ինչպես նաև սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (ջրի հետ հավասար խառնած) շփել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել:
Քրտնախաշի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարել քրտնոտության դեմ և մանրակրկիտ հետևել հիվանդի մաշկի խնամքին․ հաճախակի փոխել ներքնաշորը, անկողնային պարագաները և հետևել հիգիենային։ Շոգ եղանակին հարմար է հագնել բամբակե գործվածքից հագուստ: Փոքր երեխաներին չի կարելի չափից ավելի շատ հագցնել, կիպ բարուրել, օգտակար են նաև ջրային և օդային լոգանքները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։