17/08/2022 17:36
Ի՞նչ է հակացուցված ուտել շոգ ամռանը և ինչպե՞ս մնալ աշխույժ՝ անգամ ամենաուժգին տապին
Շոգ եղանակին օրգանիզմն իսկական փորձության է ենթարկվում, քանի որ սկսում է բոլորովին այլ ռեժիմում «աշխատել»։ Այդ պատճառով էլ մարդը, հատկապես ծանր սնունդ ընդունելուց հետո, թուլություն ու ծանրություն է զգում։ Ամռան շոգ եղանակին այդպիսի տհաճ զգացողություններ չունենալու համար հարկավոր է սննդակարգը փոխել, հետևել ընդունած ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի քանակին։
Եվ այսպես, մթերքի ո՞ր տեսակները պետք է բացառել կամ փոխարինել այլ մթերքով՝ շոգ ամռանը։ Ամառային սննդակարգի ամենակարևոր սկզբունքը ծանրամարս սննդից հրաժարվելն է։ Հարկավոր է դյուրամարս սննդամթերք, մեծ քանակով կանաչեղեն ու բանջարեղեն ուտել, իսկ ծարավը հագեցնել սովորական ջրով կամ առանց շաքարի կանաչ թեյով։
Սննդակարգը պետք է փոփոխել և որոշ ժամանակով հրաժարվել մթերքի հետևյալ տեսակներից
Մեծ քանակով սպիտակուցներ պարունակող սննդամթերքը մարսելիս օրգանիզմը «տաքանում» է՝ ջերմագենեզի արտազատման պատճառով․ սպիտակուցները մարսելու համար ամռանը մարդը 50-ից 100 տոկոս ավելի էներգիա է ծախսում՝ ի տարբերություն ածխաջրերի, այդ պատճառով էլ, օրինակ, միսը կարելի է փոխարինել դրա բուսական անալոգով։
Ճարպոտ ու կծու կերակուրները շոգ եղնակին կարող են խնդիրներ առաջացնել ստամոքսում, լեղապարկում ու աղիներում, այրոցի կամ այլ տհաճ զգացողությունների պատճառ դառնալ։ Բացի այդ, ճարպոտ ու կծու կերակրատեսակները դժվարամարս են, ստիպում են, որ օրգանիզմը շոգ եղանակին հավելյալ սթրեսի ենթարկվի։
Ապխտած հավը, միսը, ձուկը աղի հավելյալ չափաբաժին է պարունակում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում արտազատման օրգանների համար, նաև «նստվածքներ» անոթների և ներքին օրգանների պատերին։ Ապխտած սննդամթերքը նույնպես դժվար է մարսվում շոգ եղանակին, ուստի այն պետք է փոխարինել թարմ սննդամթերքով։
Տորթերն ու կրեմով խմորեղենը, որոնք մարդիկ սիրում են ուտել տարվա բոլոր եղանակներին, ամռանը պետք է փոխարինել ավելի թեթև, դյուրամարս քաղցրավենիքով, որոնք օրգանիզմը չեն ջրազրկում։ Հարկավոր է շատ մրգեր ուտել։
Ալկոհոլային խմիչքները շոգ եղանակին բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ մի քանի անգամ։ Բացի այդ, ամռանն ալկոհոլային խմիչք ընդունելիս մեծանում է նաև ջերմային հարված ստանալու հավանականությունը, քանի որ շոգ եղանակին օրգանիզմը շատ ավելի էներգիա ու ջուր է ծախսում՝ ալկոհոլը դուրս բերելու համար։
Ինչո՞վ փոխարինել ամռան շոգ եղանակին «արգելված» սննդամթերքը
Առավոտը կարելի է սկսել թեթև շիլայով․ այն կշտացնող, դյուրամարս ու օգտակար նախաճաշ է։ Եգիպտոցորենի շիլան, օրինակ, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, շատ օգտակար է աղիների համար։
Ճաշին կարելի է բանջարեղենով ապուրներ ուտել․ ամառը բանջարեղենի ամենատարբեր տեսակները վայելելու իսկական ժամանակն է։ Բանջարեղենով ապուրները ոչ միայն համեղ են, արագ հագեցնում են քաղցը, այլև դրական են ազդում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա։
Ամռանը ընթրել հարկավոր է մինչև 18։30-ը, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել ուտելիքը և մարդուն հանգիստ քուն ապահովել։ Բջջանյութով, միներալներով, С, К, А վիտամիններով հարուստ սնդամթերքը ամառային ընթրիքի իդեալական տարբերակ է։
Աննդակարգի հետ կապված այս պարզ կանոններին հետևելու դեպքում հեշտությամբ կարելի է հաղթահարել շոգ եղանակի առաջացրած դժվարությունները, էներգիայով լի և աշխույժ լինել՝ օրվա բոլոր ժամերին, ինչպես նաև պահպանել առողջությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։