17/08/2022 18:35
Ի՞նչ չի կարելի ուտել քնելուց առաջ և ինչու
Շատ մարդիկ, հատկապես ավելորդ քաշից ազատվել ցանկացողները, երբ ուշ երեկոյան քաղցի զգացում են ունենում, երկար են մտածում՝ ուտե՞լ, թե՞ չուտել քնելուց առաջ։ Մի կողմից, դատարկ ստամոքսով քնել չի ստացվում, բացի այդ, օրգանիզմն այդ ժամանակ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն է արտադրում։ Մյուս կողմից էլ ուշ երեկոյան, քնելուց առաջ որոշ տեսակների մթերքի գործածումը խոչընդոտում է հանգիստ քնին։ Սննդաբաններն այս դեպքերի համար օգտակար խորհուրդներ ունեն․ ինչ է կարելի և ինչն է հակացուցված ուտել կամ խմել քնելուց առաջ։
Եթե կծու և սուր համերի սիրահար եք, ապա ավելի լավ կլինի՝ այդպիսի կերակրատեսակները ճաշակել վաղ ընթրիքին կամ ճաշի ժամանակ, հատկապես, եթե ստամոքսում հաճախ եք այրոցներ ունենում, քանի որ գիշերը, նույնիսկ քնած ժամանակ, կծու կերակրատեսակների պատճառով կարող է թթվային ռեֆլյուքս առաջանալ։ Բացի այդ, կծու կերակուրը մեծ քանակությամբ կապսաիցին է պարունակում, այս նյութը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին խանգարում է, որ գիշերը մարդը հանգիստ քնի։
Ալկոհոլը նույնպես խոչընդոտում է գւիծերային հանգիստ քնին, այն վատացնում է քնի որակը։ Բացի այդ, քնելուց առաջ ալկոհոլ ընդունած մարդն առավոտյան ավելի մեծ դժվարությամբ է արթնանում։
Ճարպոտ և տապակած կերակրատեսակները գիշերը կարող են մարսողության խանգարումներ առաջացնել, նաև փքվածություն ու թթվային ռեֆլյուքս, իսկ այդ պարագայում հանգիստ քնելու մասին խոսք լինել չի կարող։
Երեկոյան ընդունած սնունդն այնպիսին պիտի լինի, որ նվազեցնի ստամոքսաթթվի արտադրությունը, այդ պատճառով էլ թթվային սնունդը՝ շաքարը, հացահատիկային կուլտուրաները, կաթնամթերքի, մսամթերքի որոշ տեսակները, հրուշակեղենը ուշ երեկոյան պետք է բացառել։
Սուրճից բացի, քնելուց առաջ խորհուրդ չի տրվում խմել նաև գազավորված ըմպելիքներ և կոֆեին պարունակող թեյ, անգամ եթե համոզված եք, որ կոֆեինը ձեր օրգանիզմի վրա չի ազդում։ Օրվա երկրորդ կեսից հետո դրա գործածումը եթե ոչ բացառել, ապա գոնե նվազեցնել է պետք։ Իսկ գազավորված ըմպելիքները ուշ երեկոյան կարող են խանգարել մարսողությանը, առաջացնել թթվային ռեֆլյուքս։
Ամենակարևոր կանոններից մեկն էլ քնելուց առաջ շատ չուտելն է, առատ ու մեծ քանակությամբ սնունդից զերծ մնալը, քանի որ լիքը լցված ստամոքսով հանգիստ քնել չի ստացվի։ Ընթրիքը պետք է թեթև լինի։
Իսկ ի՞նչ է կարելի ուտել քնելուց առաջ
Մթերքի որոշ տեսակներ ոչ միայն հակացուցված չեն, այլև օգտակար են՝ ուշ երեկոյան, քանի որ լավացնում են մարդու քունը։ Դրանք մթերքի այն տեսակներն են, որոնք հարուստ են մագնեզիումով․ բանանը, գետնընկույզը, ընկույզը, սև շոկոլադը։ Կարևորը, սակայն, դրանք չչարաշահելն է և չափազանց շատ չուտելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։