17/08/2022 15:26
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել, գրում է «Արմենպրես»-ը։
Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի:
«Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքի»,- տեղեկացրել է Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ նշելով, որ գնացքներն այս պահին աշխատում են, հետաձգումներ չկան:
Հիշեցնենք, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի մասին ահազանգ էր ստացվել։