17/08/2022 16:10
«Պատկան մարմինները պարտավոր են բացահայտել պատճառներն ու կանխել հետագա աղետները»․ «Հայաստան» դաշինքը ցավակցել է «Սուրմալու»-ում զոհվածների ընտանիքներին
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի և պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։
«Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց:
Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները:
Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ:
Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն», - ասված է հայտարարության տեքստում: