17/08/2022 18:48
Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինն իրականացնում է ուժեղացված հսկողություն․ ստուգում են բոլոր ուղևորներին․ 168. am
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում, պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
168.am-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք տնօրինությունը մտածո՞ւմ է մետաղորսիչ կամ այլ սարքավորումների ձեռքբերման կամ տեղադրման մասին, որպեսզի ամեն օր նման իրավիճակ չստեղծվի:
«Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինը հիմա իրականացնում է ուժեղացված հսկողություն, ու ոստիկանները մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը: Շրջում են նաև Մետրոպոլիտենի կայարաններում. ստուգում են բոլոր ուղևորներին՝ վճարման համակարգի մոտից սկսած»,- նշել է Տաթև Խաչատրյանը:
Հարցին՝ այլ սարքավորումներ ձեռք բերելու, հսկողությունն է՛լ ավելի խստացնելու առումով Մետրոպոլիտենը դիմելո՞ւ է Կառավարությանը, Քաղաքապետարանին, մամուլի խոսնակը պատասխանել է, որ այս պահին հստակ որևէ բան չի կարող ասել:
«Միայն կարող եմ ասել, որ պահպանությունը հիմա ուժեղացված ծառայության է անցել, ոստիկանները շրջում են բոլոր կայարաններում»,- եզրափակել է Տաթև Խաչատրյանը: