18/08/2022 17:42
«Սպասում ենք պատասխանի՝ Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի առնչությամբ»․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Դրա մշակման փուլում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։
Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է գրությունում։
Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։