18/08/2022 11:53
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո խնդիր է դրվել, որ Հայաստանում նմանատիպ դեպք տեղի չունենա․ Փաշինյան
Դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական եմ տվել հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակությամբ պայթյունավտանգ նյութեր, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ իր և պետական մարմինների անունից ցավակցություն հայտնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Դեպքից հետո փորձել եմ հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ՝ տեղեկատվությունն ամփոփվում է, բայց պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունն ինձ զեկուցի, թե իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ դեպք տեղի չունենա։
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը խոստացավ ամենակարճ ժամկետներում հանդես գալ թեմայի շուրջ զեկուցմամբ։