18/08/2022 18:48
«Բողոքի նոտան ստացել ենք, սահմանված կարգով կարձագանքենք»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ–ում ՌԴ դեսպանության բողոքի նոտան։
Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք»,- հավելեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։
«Պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Դրա մշակման փուլում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։
Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել էր Նեչաևը։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է գրությունում։