18/08/2022 10:05
Լարվածության վերջին աճն ընդգծել է ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը բանակցություններով կարգավորելու անհրաժեշտությունը․ Նեդ Փրայս
Միացյալ Նահանգները համոզված է, որ աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման, շարունակվում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հիշեցրել է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` վերջերս ունեցած շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից», - նշել է նա` հավելելով, որ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը, նշել է Փրայսը, շեշտել` շարունակելու են դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Նեդ Փրայսը կրկնել է, որ պատմական հնարավորություն է տեսնում ԼՂ խնդիրը լուծելու համար: