18/08/2022 15:01
Ժողովրդավարություն անվան տակ՝ զազրախոսությունը, սուտասանությունը, բամբասանքը, հիշաչարությունը, գավառական «շուստրիությունը» գերադասեցինք պետականությունից ու անկախությունից
Հայաստանում և Արցախում ապրող հայ ժողովուրդը մինչև ԽՍՀՄ-ի փլուզվելը ժողովրդավարության և անկախ պետականության մասին հիմնականում ուներ տեսական պատկերացումներ:
Հայը, որպես հին էթնոս, իր ուրույն մոտեցումներն ուներ կյանքի, ազատությունների վերաբերյալ: Դարերով պետականություն չունենալը նրան դարձրել էր իր, իր ընտանիքի, լավագույն դեպքում մերձավորների, ընկերների մասին մտածող անհատ:
Կայսրության փլուզումից հետո այսրկովկասյան երեք հանրապետությունները որդեգրեցին տարբեր մոտեցումներ՝ Վրաստանը դեգերումներից հետո ընտրեց արևմտյան կողմնորոշում՝ իր դեմոկրատիայով հանդերձ, ադրբեջանը վարելով թուրքական երկու բարձի քաղաքականությունը, համարյա, կարելի է ասել, մի վիլայեթ էր, իսկ հարկ եղած դեպքում առանձին «հզոր պետություն», որը նույն թուրքիայի հարվածային գործիքներից է, ու նաև դաշնակցային հարաբերույուններ ունի ՌԴ-ի ու մյուս հարևան և հզոր պետությունների հետ: Այնտեղ բռնապետություն է իր դասական սահմանմամբ, որը ոչ մի աղերս չունի դեմոկրատիայի հետ, բայց ներկայանում է որպես այդպիսին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, մենք, այնուհանդերձ, ընտրել էինք այսպես կոչված չափավոր, կառավարելի ժողովրդավարության մոդելը, որի իսկությանը կասկածելի էր թվում:
Արցախի Հանրապետությունը փորձում էր ցույց տալ, որ ժողովրդավարական պետություն են կառուցում և ցանկանում էին աշխարհին ապացուցել, որ ադրբեջանական բռնապետությունը և տոտալիտարիզմը, դեմոկրատական Արցախը չի կարող հանդուրժել, հետևաբար, չի կարող որևէ կարգավիճակով լինել այդ պետության կազմում:
Սրանք այն իրողություններն էին, որոնց պայմաններում մենք տասնամյակներ ապրել ենք :
Եկավ 2018 թվականի գարունը և ժողովրդավարություն անվան տակ կիսագրագետ քայլիստները խաբելով ժողովրդին զավթեցին իշխանությունը: Ընդամենը երկու տարի անց ադրբեջանաթուրքական բռնապետությունը հաղթեց ժողովրդավարական քողով շղարշված Հայաստանին: Այո՛, դա ընդամենը շղարշ էր՝ համեմված ստով, կեղծիքով, զազրախոսությամբ, հիշաչարությամբ, ժողովրդի պառակտմամբ և այդ ամենը արվում էր գավառական շուստրիությամբ, որով մի քանի տասնամյակ մեր ժողովրդին կերակրել էին ու որը ավերում է Հայաստանի պետականությունը, և արդեն իսկ ծվենների է վերածել Արցախը:
Հայ ժողովուրդը իր հազարամյակների պատմության մեջ երևի մեծ իմաստով իր իսկ ներկայացուցիչների կողմից այսպես չէր խաբվել ու ձեռքից չէր տվել իր լավագույն զավակների արյամբ ձեռք բերածը:
Հ.Գ. 1. 21-րդ դարի Հայաստանում իրենց հեղափոխական հորջորջողները, ցանկանում էին միկրո, մակրո, կամ մեգա հեղափոխություններ իրականացնել նաև Ադրբեջանում։
Հ.Գ. 2. 1992-ի ադրբեջանի և մեր օրերի Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակների համեմատությունը, որոշակի ընդհանրություններ, այնուհանդերձ, ունի: Կկարողանա՞նք արդյոք կրկնել 1992-ի հաջողությունը՝ սա է գերխնդիրը, որի լուծմանն այսօրվա իշխանություններն իրենց ներկայությամբ միայն խանգարում են:
Հ.Գ. 3. Եթե Բերձորը, Աղավնոն ու Սուսը չկարողացանք պահել ևս մի տարի, ինչպես տխրահռչակ հայտարարության մեջ է նշված, ապա և՛ աշխարհագրորեն, և՛ իրավական ու ռազմաքաղաքական տեսանկյունից ավելի կարագացնենք Արցախի կործանման գործընթացը: