19/08/2022 19:30
Ուրովյան հիվանդություն․ Էնդեմիկ այլաձև օստեոպորոզ
Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտ։ Այդտեղից էլ գալիս է հիվանդության անվանումը։ Սակայնն դրա էնդեմիկության պատճառներն ու ախտածագումը վերջնականապես հայտնի չեն։
Հիվանդության կապը արտաքին էնդեմիկ գործոնների հետ կասկած չի հարուցում, սակայն դրանց ազդեցության մեխանիզմը դեռևս մնում է անհայտ։ Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ հիվանդությունը նկատելիորեն նվազել է։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունը։ Ախտաանատոմիական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական (դեստրուկտիվ) փոփոխություններ։
Ախտաբանական պրոցեսի հարաճման ընթացքում հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում են ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ դադարում։
Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանում։
Սկզբնական շրջանում գանգատներ չեն լինում։ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների մկանների կծկումներ և այլն։ Նշված երևույթներն ի հայտ են գալիս և հետագայում ուժեղանում մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի, վարակային հիվանդությունների դեպքում։
Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան են։ Ապա աստիճանաբար ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը, զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղում։ Հիվանդության բուռն շրջանում հայտնաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ։
Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ սկզբնական փոփոխությունները դիտարկվում են մետաֆիզներում։ Ախտահարվում են գրեթե բոլոր խողովակավոր, ինչպես նաև կարճ սպունգանման ոսկրերը։ Հիվանդության տևողությունը տարբեր է։ Այն վերանում է աճման պրոցեսների ավարտման հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։