19/08/2022 09:51
«Հրապարակ». ՔՊ վարչության անդամների ընտրության քարոզարշավի մեկնարկը չի տրվել. Կազմակերպչական որոշ խնդիրներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձևավորվել, առցանց հարթակ են ձևավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում և այլն: Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է անցկացվում, և ամենաշատ ձայներ ստացած ՔՊ անդամները դառնում են ՔՊ ղեկավար մարմնի անդամ։
Երեկ, սակայն, քարոզարշավի մեկնարկը չի տրվել, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան։ Իսկ հնարավո՞ ր է նախկին տարիների պես քարոզարշավ, որպես այդպիսին, չլինի, ով ինչպես կարողանա, իր համար ձայն հավաքի։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, տեղեկացանք նաև, որ մի քանի տարածքում ՔՊ-ն խորհուրդներ այդպես էլ չի ընտրել, ինչը պետք է աներ սեպտեմբերի 18-ի համագումարից մեկ ամիս առաջ։ Օրինակ՝ Գորիսում, Մասիսում խորհուրդներ չեն ձևավորվել, կընտրեն ավելի ուշ, ուստի այդ խորհուրդների կազմը վարչության ընտրություններին՝ որպես ընտրիչ, չի կարող մասնակցել»։