19/08/2022 19:22
«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի ծառայության որակի վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և իրավական գնահատական տալու համար նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ
«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար Արցախի Հանրապետության դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, առաջնահերթության կարգով որպես քննության առարկա է ընդունվելու Արցախի Հանրապետության շրջաններում մատուցվող ծառայության որակը:
«Միաժամանակ իրազեկում ենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում ծառայության որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու համար, որը կատարվել է բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից ծառայությունների ոլորտում և որը զգալի չափի վնաս է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում: