19/08/2022 18:18
«Ասում էին՝ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն, նման բան չկա․ երկրորդ անգամ տունը կորցնելու ցավ պատճառեցին բնակիչներին». Ներքին Սուսի գյուղապետ
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն օգոստոսի 25-ից կհանձնվեն թշնամուն։ Օգոստոսի 5-ից սկսած բնակիչներն սկսել են իրենց իրերը տեղափոխել Հայաստանի ու Արցախի այն վայրերը, որտեղ պատրաստվում են բնակվել:
168.am-ի հետ զրույցում Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանն ասել է, որ Ներքին Սուսում այսօրվա դրությամբ մնացել է 4 ընտանիք, մնացածը դուրս են եկել՝ իրենց հետ տանելով իրերը։
«Նրանց Արցախի կառավարության կողմից ասվել է, որ բնակարանների սերտիֆիկատները տալու են, բայց առաջնայինը՝ նրանք, ովքեր այնտեղ են ապրել, իսկ մյուսներին կտրվի մոտ ժամանակներս։
Նախկինում Ներքին Սուսում բնակվում էր 48-49 ընտանիք, տարիներ առաջ ավելի շատ էին, հետո տարիների ընթացքում նվազեց բնակչության թիվը՝ գնացել ու եկել են»,- նշել է Ներքին Սուսի գյուղապետը։
Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինքը մտածում էր, որ Սուսը մնացել է հայկական վերահսկողության տակ, բոլոր բնակիչները կվերադառնան, և գյուղը կապրի իր բնականոն կյանքով։
«Ինձ ասում էին, որ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն, նման բան չկա՝ գյուղը պետք է հանձնենք։
Այսօրվա դրությամբ ժողովուրդն անտրամադիր է, երկրորդ անգամ տունը կորցնելու ցավ պատճառեցին բնակիչներին, ինչ ասեմ»,- նշել է Մխիթար Ներսիսյանը։
Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ երկու ընտանիք տեղափոխվել է Արցախ, 3-րդն էլ պատրաստվում է տեղափոխվել։ Կապ է հաստատել Արցախի կառավարության հետ, որպեսզի այդ բնակչին ապահովեն տնով։
«Մյուս բնակիչները կտեղավորվեն Հայաստանի տարբեր հատվածներում»,- խոսքը եզրափակել է Մխիթար Ներսիսյանը։