19/08/2022 12:25
ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հանդիպման օրը դեռևս չի հստակեցվել։
Նշենք, որ Արցախի Աժ ընդդիմադիր՝ «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Նախաձեռնությանը չէր միացել «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք տեղյակ չեն եղել։
«Արդարություն» խմբակցության ղեկավարն էլ շեշտեց, որ նախաձեռնությունն ընդդիմությանն է, իսկ «Միասնական հայրենիքն» ընդդիմադիր ոչ մի նախաձեռնության չի միացել։ Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ևս, նրա խոսքով, տապալվել է այդ ուժի չմիանալու պատճառով։