20/08/2022 18:26
Իցենկո-Կուշինգի հիվանդություն․ Բուժումը՝ ռենտգենյան ճառագայթմամբ
Այս ծանր և մանկական տարիքում քիչ հանդիպող հիվանդության պատճառը վերջնականապես պարզված չէ։ Պատճառներից են սուր և քրոնիկական վարակները, գանգի վնասվածքները։ Հիվանդության կլինիկական դրսևորումների անմիջական պատճառն օրգանիզմում կենսաբանորեն ակտիվ կորտիզոլի քանակի ավելացումն է։
Կլինիկական պատկերը զարգանում է աստիճանաբար, բայց բնորոշ նշաններով։ Երեխաների ծնողները նշում են մարմնի զանգվածի նկատելի ավելացում, սովորելու նկատմամբ անուշադրություն, ուսագոտիների և կոնքագոտիների կարմրակապտավուն զոլեր, հասակի թերզարգացում և ցայլքի թույլ մազակալում։ Բնորոշ է հատկապես իրանի գիրացումը, կլորավուն կարմրաերանգ դեմքը և պարանոցի հետին հատվածի ճարպակալումը։ Մաշկի վրա լինում են բշտիկներ։
Մաշկի ախտահարման արտահայտությունները համապատասխանում են հիվանդության ծանրությանը։ Բավական հաճախ բարձր է արյան ճնշումը, որն ակնահատակում ռետինոպաթիայի երևույթներ է առաջացնում։ Փոխվում է երեխաների վարքը։ Նրանք դառնում են անտարբեր և թույլ, ընկճվում է հոգեվիճակը՝ առանց ուղեղի արյան շրջանառության խանգարումների։
Արտահայտված են նյութափոխանակության խանգարումները։ Ուժեղանում է նյութաքայքայումը, ընկնում է գլյուկոզայի նկատմամբ օրգանիզմի տոլերանտությունը, ավելանում է օրգանիզմի նատրիումը, արյան մեջ կալցիումի և հիմնային ֆոսֆատազայի քանակը, պակասում կալիումը, ավելանում մեզով արտահանվող կալիումը, միզաթթուն և կրեատինինը։
Ռենտգենյան նկարահանումը ցույց է տալիս տարածված օստեոպորոզ, ըստ որում ավելի արտահայտված, քան չափահասների մոտ։ Նկատելի է կմախքի դանդաղ աճ։ Ռենտգենյան հետազոտությամբ կարելի է ճշտել մեծացած են մակերիկամները, թե ոչ։ Մակերիկամի ուռուցքի դեպքում մյուս մակերիկամը ենթարկվում է հիպոպլազիայի:
Ախտորոշումը դժվար չէ։ Կասկածելի դեպքերում տարբերակման առումով հանձնարարվում են որոշ ախտորոշիչ փորձեր։ Կուշինգի հիվանդության ախտորոշման հարցում կարևոր նշանակություն ունի նաև մետապիրոնով կատարվող փորձը։
Իցենկո-Կուշինգի հիվանդությունը պետք է տարբերակել ճարպակալումից, ճարպասեռային դիստրոֆիայից և պատանեկան դիսպիտուիտարիզմից։
Բուժումը կատարվում է ռենտգենյան ճառագայթներով։ Եթե արդյունքը բավարար չէ, խորհուրդ է տրվում կատարել երկկողմանի մակերիկամազերծում, որը տալիս է արագ և լավ արդյունք։ Այն դեպքերում, երբ զարգանում է քրոնիկական հիպոկորտիցիզմ, փոխարինող հորմոնոթերապիան պարտադիր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։