20/08/2022 17:15
Ողնաշարի ծռվածություն․ Ախտահարման հիմնական օջախները
Հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ։ Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց՝ հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել։ Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը և կոչվում են ֆիզիոլոգիական ծռումներ։
Ի տարբերություն ֆիզիոլոգիական ծռումների, ողնաշարի ծռումները անհանգստություն են պատճառում, լինում են 3 տեսակ՝
կողմնային (սկոլիոզ),
դեպի հետ (կիֆոզ),
դեպի առաջ (լորդոզ)։
Սկոլիոզը լինում է բնածին (ողերի ոչ ճիշտ զարգացում) և ձեռքբերովի, առավել հաճախ առաջանում է 5-15 տարեկանում՝ հատկապես դպրոցական տարիքի երեխաների մոտ։ Առաջացմանը նպաստում է դասերի ժամանակ ոչ ճիշտ դիրքով նստելը, որը հանգեցնում է ողնաշարի և մեջքի մկանների անհամաչափ բեռնվածության, հոգնեցնում և թուլացնում է դրանք։ Հետագայում առաջանում են ողնաշարի կապանների և ողերի ձևի փոփոխություններ, ձևավորվում են ողնաշարի կայուն կողմնային ծռումներ։
Երեխաների սկոլիոզը կարող է լինել նաև ծանր ռախիտի, իսկ մեծերինը՝ մեջքի մկանների երկարատև անհամաչափ բեռնվածության հետևանք։ Այդ դեպքում ծռումները դանդաղ են առաջանում և հազվադեպ են հասնում մանկական տարիքին բնորոշ աստիճանի։ Երբեմն սկոլիոզի առաջացման պատճառ են դառնում ողերի կոտրվածքները, հիվանդագին գործընթացների՝ հատկապես տուրերկուլիոզի հետևանքով դրանց քայքայումը։
Առավել հաճախ ձեռքբերովի սկոլիոզի կլինիկական դրսևորումներ լինում են, երբ ողնաշարը մեջքի մկանների հոգնածությունից թեթևակի ծռվում է կողքի, որն անհետանում է հանգստից հետո։ ժամանակի ընթացքում ծռումները կայունանում են, որի հետևանքով փոխվում են հիվանդի կեցվածքը, կրծքավանդակի ձևը, ողնաշարի շարժունությունը խիստ նվազում է, իսկ ցանկացած ֆիզլարվածություն՝ հոգնեցնում։
Սկոլիոզի շատ ծանր դեպքերում նկատվում է ներքին օրգանների դիրքի փոփոխություն, որը կարող է խանգարել դրանց ֆունկցիաները և նվազեցնել աշխատունակությունը։
Մարդկանց գերակշռող մեծամասնության մոտ թեպետ բուժման գործընթացը բարեհաջող Է ավարտվում, բայց ողնաշարաբորբի ուշ ապաքինման հետևանքով կուզ է առաջանում, որը միշտ չէ, որ հաջողվում Է նույնիսկ վիրահատական եղանակով վերացնել։
Սկոլիոզը բուժում են ողնաշարի ձևն ուղղող հատուկ մարմնամարզական վարժությունների միջոցով, որոնք նշանակում և հսկում է բժիշկը։ Երբեմն նշանակվում է կրել սեղմիրան։ Երկարատև բարձիթողի սկոլիոզի դեպքում կարող է պահանջվել նաև վիրահատական բուժում։
Սկոլիոզի կանխարգելումն առավել արդյունավետ է, քան բուժումը։ Երեխաների բնածին կամ ձեռքբերովի սկոլիոզի 1-ին ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ են ողնաշարի վրա բեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ, կոշտ անկողին, բավարար քուն, օդային և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն։
Սկոլիոզի վաղ հայտնաբերումը և բժշկի կանխարգելիչ ու բուժական խորհուրդներին համբերատար և պարտադիր հետևելը մեծ մասամբ արդյունավետ են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։