22/08/2022 19:00
Ուտելի ծաղիկներ, որոնք լավացնում են մարսողությունն ու օգտակար են օրգանիզմի համար
Ուտելի ծաղիկներն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում։ Դրանք ոչ միան գեղեցկացնում են կերակուրը, այլև շատ օգտակար են օրգանիզմի համար, այդ պատճառով էլ մարդիկ դարեր շարունակ ուտելի ծաղիկներ են ներառում իրենց կերակրացանկում։
Ամենատարածված ուտելի ծաղիկներից են համարվում նաստուրցիան, հիբիսկուսը, նարդոսը, հոռոմ-սամիթն ու դանդելիոնը (խատուտիկ), որոնք թերապևտիկ հատկություններ ունեն, պարունակում են վիտամիններ, միներալներ ու բջջանյութի հարուստ աղբյուր են։
Ուտելի կամ առանց պարարտանյութերի աճեցրած ծաղիկները սննդային հավելանյութերի դեր են կատարում, պարունակում են օգտակար բուսական միացություններ, ինչպիսիք են ֆիտոնուտրիենտները, որոնք օժտված են հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով: Որոշ ուտելի ծաղիկներ էլ էականորեն բարելավում են մարսողությունը։
Ժամանակով փորձված դեղաբույսերը, ինչպիսիք են երիցուկը, եղերդակը (ցիկորիա), նարդոսը, օգտագործում են նաև աղեստամոքսային համակարգի հետ կապված հիվանդությունները բուժելիս՝ թուրմի ձևով, սակայն դրանք կարող են գործածվել նաև տարբեր կերակրատեսակներում։
Հոռոմ-սամիթ սովորականի (լատ.՝ Foeniculum vulgare) սերմերն ու ծաղիկները հայտնի են աղեստամոքսային համակարգի վրա իրենց դրական ազդեցությամբ․ լավացնում են մարսողությունը, հանգստացնում բորբոքված աղիները։ Հոռոմ-սամիթը թուլացնում է մարսողական տրակտի մկանները, բացի այդ, հարուստ է բջջանյութով, որն ընդհանուր առմամբ օգտակար է մարսողության և ստամոքսի համար։ Այս բույսի սերմերն ու ծաղիկները հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններ ունեն։ Հոռոմ-սամիթ սովորականի դեղին ծաղիկները հիանալի համեմունք են աղցանների, ապուրների համար, օգտագործվում են նաև թխուկներում, բուսական հիմքով ըմպելիքներում։
Կալենդուլայի (լատ.՝ Calendula officinalis) ծաղկաթերթիկները նույնպես հակաբորբոքային հատկություններ ունեն և շատ են օգտագործում մաշկի խնամքի ժամանակ, բայց դրանք չափազանց օգտակար են նաև խոհանոցում։ Ճաշատեսակը կամ աղցանը զարդարելուց զատ, կալենդուլայի ծաղկաթերթիկները յուրահատուկ համ ու բույր են հաղորդում դրանց։ Օգտագործել կարելի է աղցաններում, բանջարեղենային ապուրներում, նույնիսկ կաթով սուրճում։
Խատուտիկի (լատ.՝ Taráxacum officinále) դեղին ուտելի ծաղիկները նույնպես շատ են օգտագործում խոհանոցում։ Դրանք բիոակտիվ նյութեր են պարունակում՝ օժտված բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ թվում՝ միզամուղ, հակաբորբոքային։ Խատուտիկի ծաղիկները բարելավում են նաև լյարդի աշխատանքը, նպաստում են լակտոբակտերիաների և բիֆիդոբակտերիաների առաջացմանը, որոնք կարևոր են աղիների համար։ Խատուտիկի ծաղիկները ունիվերսալ են, դրանք կարելի է ավելացնել ցանկացած կերակրատեսակում։
Երիցուկը (լատ.՝ Matricaria chamomilla) դարեր ի վեր հայտնի է իր հանգստացնող, հակաբորբոքային ու թերապևտիկ հատկություններով և կրկին շատ օգտակար է աղեստամոքսային համակարգի համար, օգնում է մետեորիզմ, մարսողության խանգարումների, լուծի, անորեքսիայի, գլխապտույտի, սրտխառնոցի ժամանակ։ Երիցուկի ծաղիկներից կարելի է պատրաստել թեյ, ծաղիկներնավելացնել նաև վարսակաձավարի շիլայի մեջ կամ օգտագործել սմուզիներում։
Նաստուրցիայի (լատ.՝ Tropaeolum majus) ծաղիկները հակաբակտերիալ հատկություններ ունեն, օգտակար են մարսողության համար։ Նաստուրցիայի ծաղիկները կերակրատեսակին կծու, սուր համ են հաղորդում, դրանք կարելի է օգտագործել նաև ուտեստին ավելացվող քացախի հետ։
Ուտելի և օգտակար հատկություններով օժտված այլ ծաղիկներ ևս կան, սակայն եթե դրանք լավ չեք տարբերակում կամ վստահ չեք՝ անվտանգ են արդյոք դրանք ձեր առողջության համար,ավելի լավ է զերծ մնալ գործածումից կամ ստուգել բուսատեսակի մասին ինֆորմացիան՝ մասնագետի օգնությամբ, իսկ կերակրատեսակներում օգտագործել միայն այն ուտելի ծաղիկները, որոնք հայտնի են, անվնաս և օգտակար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։