22/08/2022 12:51
Արցախի ՏԿԵՆ տեղյակ չէ՝ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից քանի ընտանիք է տեղահանվել
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղյակ չէ, թե Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից ներկա դրությամբ քանի ընտանիք է տեղահանվել ու որտեղ են նրանք հաստատվել։
«Մեր ձեռքի տակ ամփոփ տվյալներ դեռ չունենք։ Վարչակազմի ղեկավարության և համայնքների ղեկավարների հետ էինք կապ պահում, հիմա էլ,, որ կապը գնում-գալիս է, չենք կարողանում տվյալները հստակեցնել», - «Փաստինֆո»-ին ասել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ադրբեջանը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետը՝ պահանջել էր /գրավոր, թե բանավոր՝ հայտնի չէ/ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը։ Ադրբեջանի ապօրինի պահանջից հետո, Արցախի իշխանությունների հրահանգով նշված հայկական բնակավայրերից սկսվել է բնակչության բռնի տեղահանումը։
Ընդ որում՝ հենց Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էր այցելել Աղավնո ու բնակիչներին զգուշացրել, որ պետք է հեռանան իրենց բնակավայրերից, քանի որ Բերձորն ու Աղավնոն հանձնվում է թշնամուն: Իսկ այսօր նույն Խանումյանի գլխավորած կառույցը գաղափար չունի, թե իրենց պահանջով տեղահանված բնակիչները որտեղ են բնակություն հաստատել։