23/08/2022 19:27
«Կգնամ և նրան կներկայացնեմ իր հեռացման 3 տարբերակներից մեկը»․ Էդգար Ղազարյանը կառավարության շենքի մոտ է՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ գնում է կառավարության շենք, փորձելու է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի մասին նախապես հայտարարել է։ Նա նշեց՝ եթե նույնիսկ Փաշինյանը կառավարության շենքում չէ, կարող է գալ՝ հանդիպման համար։ Էդգար Ղազարյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց իրեն չուղեկցել։
«Ես գնում եմ կառավարության շենք, բայց պետք չէ, որ որևէ մեկն ինձ ուղեկցի, քանի որ մենք կառավարության շենքը շրջափակելու նպատակ չունենք։ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեմ բացառապես լրագրողների ներկայությամբ։ Կգնամ և նրան կներկայացնեմ իր հեռացման 3 տարբերակներից մեկը` հրաժարականի պահանջը։ Ես նրան նախապես խնդրել եմ, որ աշխատասենյակից հավաքի բոլոր իրերը, իսկ սեղանին թողնի գրիչ և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից նվեր վերցրած գրիչը»,– ասաց Ղազարյանը։
«Անկախության շարժման» առաջնորդը հավելեց՝ եթե Փաշինյանը հրաժարականի դիմումը ստորագրի, ապա կխնդրի բնօրինակն ուղարկել նախագահին, իսկ պատճենը կվերցնի իր հետ, որպեսզի ցույց տա հրապարակում հավաքվածներին։