23/08/2022 18:06
«Հասարակությունը Փաշինյանի համար ձեռք է բերել 2 միլիոն դոլարի ծառայողական մեքենա, թող նստի, գա․ եթե հեռու է, նաև ուղղաթիռ ունի»․ Էդգար Ղազարյանն այսօր նախատեսում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Դիմադրության շարժման ամբողջ ընթացքում չի եղել մի հանրահավաք, որին ես չմասնակցեմ, առաջիկայում չի լինի մի հանրահավաք, որին ես չմասնակցեմ, և մեր հանրահավաքը ոչ թե հակադրություն է Դիմադրության շարժման հանրահավաքներին, այլ փոխլրացնող մի ակցիա է՝ իր առանձին խորհրդով, բայց չհակադրվելով այն ամենի հետ, ինչը մեր գործընկերներն ազնվորեն նախաձեռնել են և իրականացրել են արդյունավետությամբ, Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հավելեց՝ իրենց հետագա քայլերի վերաբերյալ հանրահավաքի ընթացքում հայտարարություններ կլինեն, սակայն ինքն այսօր փորձելու է նաև հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ըստ իմ տպավորության՝ նա հիմա կառավարական շենքից բացակայում է, բայց բացակայելը չի նշանակում, որ չի կարող գալ։ Մեր հասարակությունը նրա համար ձեռք է բերել 2 միլիոն դոլարի ծառայողական մեքենա։ Միայն նրա երկու զրահապատ «Լեքսուսներն» ու երկու զրահապատ S կլասի «Մերսեդեսները» 2 միլիոն դոլար արժեն, դրան գումարած՝ նաև պետական պահպանության մեքենաները։ Հիմա, եթե մենք իր համար 2 միլիոն դոլարի մեքենա ենք առել, լեգիտիմ ակնկալիք կարող ենք ունենալ, որ ինքն այդ մեքենաները նստի, որտեղ էլ լինի, գա։ Եթե հեռու լինի, նաև ուղղաթիռ ունի»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Հասարակական-քաղաքական գործիչը նաև նշեց՝ հանդիպումը պետք է կայանա, քանի որ այդ հանդիպման գլխավոր շահառուն հենց Նիկոլ Փաշինյանն է։