23/08/2022 15:20
Ռուբինյանը գլուխը կախ գնում է Քըլըչի հետ հանդիպման, Քըլըչն էլ ինչ ասում է՝ կատարում է․ Սեյրան Օհանյան
Ռուբինյանը գլուխը կախ գնում է Քըլըչի (նկատի ունի Թուրքիայի հատուկ ներկայացուցչին) հետ հանդիպման, և Քըլըչն ինչ ասում է, կատարում է, իսկ մենք ԱԺ-ում երբեք գլուխներս կախ չենք եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերան Օհանյանը։
Անդրադառնալով աշնանային նստաշրջանին մասնակցել-չմասնակցելու հարցին՝ նա նշեց, որ իրենց մանդատներն օգտագործել են ըստ նշանակության՝ հեռացնելու գործող իշխանություններին։
«Մենք կարողացել ենք բարձրացնել հայի ոգին։ ԱԺ մեր վերադառնալը լինելու է մեր օրակագով՝ անվտանգության, արտաքին հարաբերությունների, Արցախի խնդիրներ», - ասաց Սեյրան Օհանյանը։
ԱԺ պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ մասնակցելու է այսօր կայանալիք ընդդիմության հանրահավաքին։
«Ես գտնում եմ, որ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը բավականին տրամաբանական և հիմնավորված գործողություն է։ Մեկ է, Նիկոլը մի օր գնալու է և պատասխան է տալու Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի համար։
Մենք պայքարելու ենք, որ պաշտպանվեն ՀՀ անկախությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը», - ասաց Օհանյանը։