23/08/2022 10:01
«Հրապարակ». Մասիսում կարծում են, որ պատմությունը շարունակություն է ունենալու. ով էր Էդուարդ Մարգարյանը՝ Լոշտ Էդոն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը նռնակով Մասիսի համայնքապետարան ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպանություն գործած Էդուարդ Մարգարյանը, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, եղել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանի երբեմնի դաշնակիցը՝ Մասիսի ավագանու անդամ էր 2016-2021 թթ.։
Ավելին, պատմեցին, որ քաղաքապետի եղբայրը` Գոռ Համբարձումյանը, Է. Մարգարյանի՝ Լոշտ Էդոյի միջոցով բազում «գործեր» է արել, և արդյունքում փողի պարտք-պահանջի խնդիր է առաջացել նրանց միջև։ Նա տևական ժամանակ քաղաքապետի հետ հանդիպում է պահանջել, փորձել է նրանից ստանալ իր «ստանալիքը» և, ըստ մեր աղբյուրի, դեպքի օրն էլ ժամադրություն է փորձել պլանավորել, բայց Դավիթ Համբարձումյանը մերժել է, որից հետո Էդոն վերցրել է զենք-զինամթերքն ու գնացել քաղաքապետարան։
Պատմում են՝ վերջին շրջանում նա որոշ տարօրինակություն էր դրսևորել, թերևս պայմանավորված խմիչքի չարաշահմամբ։ Ի դեպ, չնայած դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, բայց մինչև երեկ դեռ դին դիահերձարանից տուն չէին տարել, քանի որ հարազատները պահանջել են, որ դատաբժշկական եզրակացության մեջ հանգուցյալի մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները նշվեն։ Ասում են` ամիսներ առաջ նրա ուսին են կրակել, հետո գործը ծածկադմփոց արել, և հայրը պահանջում է, որ դա ֆիքսեն։ Դեպքից րոպեներ հետո Դավիթ Համբարձումյանը գրառում արեց. «Տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ»:
Մասիսում կարծում են, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու` հանգուցյալի ավագ եղբայրը բավականին տաքարյուն երիտասարդ է, և հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն եղբոր մահից հետո»։