23/08/2022 19:01
«Այն, ինչ անում է այս խունտան, թուրքական ծրագիր է․ մենք անցել ենք դժոխքով, չեմ ուզում, որ նույնը կրկնվի ձեր երեխաների հետ»․ Զոհված զինծառայողի մայր
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ նշելով՝ այն բոլոր կորուստներից հետո, որը կրեցինք այս ընթացքում, ամենամեծ ցավը դրանում մեղավոր իշխանության անպատժելիությունն է։
«Իմ որդին՝ Հայկը և իր մարտկոցի բոլոր 20 զինվորները զոհվել են Փաշինյանի ու նրա խունտայի կողմից հրահրված դավաճանական, ծախված պատերազմում՝ միտումնավոր քաոսի պայմաններում»,- ասաց զոհված զինծառայողի մայրը՝ ընդգծելով՝ «Ցորի» զորամասի այս ողբերգական դրվագը միակը չէ, դրանք բազմաթիվ են, սակայն ամենասարսափելին այն է, որ պատերազմից 2 տարի անց էլ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չի պատժվել։
Զոհված զինծառայողի մայրը խոսեց նաև պատերազմից հետո զոհված, գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ծնողների անասելի տառապանքների մասին։
«14 ամիս մենք «Ցորի» զորամասի ծնողներով գրեթե 14 ամիս փնտրել ենք մեր երեխաներին։ 14 ամիս գտնվեցինք անասելի մղձավանջի մեջ, և ես չգիտեմ, թե մենք ինչպես չխելագարվեցինք։ Այնուհետև մեր երեխաների մասունքները հանեցին։ Ես իմ երեխայից մեկ ազդրի ոսկոր եմ ստացել, և մինչ օրս էլ չգիտեմ, թե որտեղ է նրա մարմինը։ Մինչ օրս ունենք բազմաթիվ անհետ կորածներ, բազմաթիվ գերիներ, և տեսնում ենք, թե ինչպես է այս իշխանությունը մատների արանքով, ակնհայտ ցինիզմով նայում այս ամենի ու կարծես թե՝ ծաղրում է»,- ասաց որդեկորույս մայրը։
Մեր որդիներն արդեն չկան, ու մենք ոչինչ չենք կարող անել, բայց ապրողների համար պարտավոր ենք պայքարել, որ նրանք ունենան հայրենիք, իր խոսքը շարունակեց 44-օրյա պատերազմում որդուն կորցրած մայրը՝ դիմելով նաև հասարակությանը։
«Ես, որ անցել եմ ու անցնում եմ դժոխքի միջով՝ ամեն օր, չեմ ուզում, որ նույնը կրկնվի ձեր երեխաների հետ, բայց այն, ինչն անում է այս իշխանությունը, այս թուրքական խունտան՝ ամեն օր հանձնելով մեր հայրենիքի մի մասը, հողը, որի վրա դեռ չի չորացել մեր երեխաների արյունը, մեր վիշտն ավելի է խորացնում, քանի որ, ինչպես ասում է տիկին Աննա Հակոբյանը, մեր երեխաները զոհվել են «հանուն ոչնչի»։ Այն, ինչն անում է այս խունտան, այլևս կասկածից վեր է, որ թուրքական ծրագիր է»,- շեշտեց զոհված զինծառայողի մայրը։
Նա կոչ արեց համախմբվել ու միասին պայքարելով՝ հասնել գործող իշխանության հեռացմանը։
«Վերջապես, մենք պետք է կարողանանք ապացուցել, որ ազգ ենք, ոչ թե խառնամբոխ, մենք վերջապես պետք է դասեր քաղենք պատմությունից։ Ես անցյալ օը հետևում էի, թե ինչպես են մարդիկ Աղավնոյում այրում իրենց տները, թե ինչպես էին արտաշիրիմում անում՝ իրենց հարազատների մասունքները տեղափոխելու համար Հայաստան։ Դուք կարո՞ղ եք մեկ վայրկյան պատկերացնել, որ հաջորդը կարող եք դուք լինել, դուք՝ այրել ձեր քրտինքով ստեղծած տները և ստիպված արտաշիրիմել ձեր հարազատներին, բայց ու՞ր պետք է վերաթաղեք, եթե այլևս հայրենիք չի լինելու»,- ասաց զոհված զինծառայողի մայրը՝ կոչ անելով վեր կանգնել անձնական շահերից, միավորվել ու ազգային զարթոնքով հասնել իշխանությունների հեռացմանը։