24/08/2022 19:43
«Բեկորը պատերազմի ամենաթեժ կետերում էր․ նրա ծրագրած ցանկացած օպերացիա հաջողությամբ էր պսակվում»․ Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Օգոստոսի 24-ը Արցախի հերոս, Արցախյան ազատամարտում հերոսացած հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրն է:
Բեկոր Աշոտն անմահացել է 1992 թվականի օգոստոսի 24-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտերում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր, Արցախի հերոսի նահատակության 30-րդ տարելիցի կապակցությամբ, Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել:
Բեկորի ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանի պատվանդանին:Այնուհետև Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Տեղի է ունեցել նաև դպրոցական «Արծվիկներ» խմբի երդման արարողությունը:
Կրթօջախի Հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Ռուզաննա Բեգլարյանն ընդգծել է՝ աշակերտներին կրթում ու դաստիարակում են լեգենդար հերոսի վեհ գաղափարներով:
«Մենք գիտակցում ենք, որ դա մեր պարտքն է, և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր սաները մեծանան հերոսի ոգով»,-ասել է ուսուցչուհին:
Բեկորի մարտական ընկեր Յաշար Խաչիկյանը, վերհիշելով Արցախյան գոյապայքարի տարիները, նշել է, որ Բեկորը գիտեր՝ ինչպես հաղթանակ կերտել՝ առանց մեծ կորուստների:
«Նրա հետ առաջին անգամ ծանոթացել եմ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: Հայրենիքի պաշտպանության ընթացքում կռվել եմ առաջին վաշտում՝ նրա հրամանատարությամբ: Բեկորն ազնիվ էր, նա պատերազմի ամենաթեժ կետերում էր: Մարտական գործողությունների ժամանակ ոչ մի բացթողում չէր անում, և նրա ծրագրած ցանկացած օպերացիա հաջողությամբ էր պսակվում»,-հրամանատար Բեկորին բնութագրելով՝ ասել է նրա մարտական ընկերը։