24/08/2022 12:36
Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի, կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրն աշխատում է հուլիսի 1-ից, արդեն կան առաջին արդյունքները։
«Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն՝ կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել», - ասաց Նարեկ Մկրտչյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց, որպեսզի այս ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնվի՝ նկատելով, որ 173 հազար շահառուից ծրագրին մասնակցում է 17 հազարը: