25/08/2022 16:40
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից՝ հակառուսական ցույցի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերի և նրանց երթը չթույլատրելու վերաբերյալ
2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների։ Այն ակտիվիստները, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։
Բերման ենթարկվածների թվում են եղել նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը, հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։