25/08/2022 18:54
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում. Հայկ Խանումյան
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, «Արմենպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- ասել է Խանումյանը։
Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա:
Հայկ Խանումյանը հավելել է, որ շարունակվում է նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասել է նա։