25/08/2022 14:32
Մետաքսի հանդեպ սերը միավորում է. տեղի ունեցավ «Մետաքսյա Եռյակ» բատիկ ցուցահանդեսի բացումը
Բարի գալուստ մետաքսանկարչության աշխարհ. ստեղծագործողներ Արմենուհի Սաղդասարյանը, Գոհար Մաճկալյանը, Թանիա Մազեճեանն արվեստի սիրահարներին հրավիրել էին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն՝ «Մետաքսյա Եռյակ» բատիկ ցուցահանդեսի բացմանը։
«Սաղարթ» բրենդի հիմնադիր Արմենուհի Սաղդասարյանն իր առաջին անհատական ցուցահանդեսից հետո ցանկություն էր հայտնել հաջորդին անպայման մեկտեղել նաև այլ տաղանդավոր կանանց ստեղծագործությունները։ Մետաքսի հանդեպ սերը միավորեց երեք կանանց. հայկական տառերից, զարդարվեստից, եկեղեցիներից մինչև Մերլին Մոնրո. թեմատիկան տարբեր է, բայց նույնն է նպատակը՝ ոգևորել տաղանդավոր, ստեղծագործող կանանց՝ միավորվելու, իրենց օրինակով խրախուսելու արվեստի հանդեպ սերը, մեծացնելու հանրային հետաքրքրությունը՝ այդպիսով հակազդելու ժամանակի տագնապալի իրականությանը։
Արմենուհի Սաղդասարյանը, ծնվելով, ապրելով Լիբանանում, արաբական գեղագրությանը քաջածանոթ լինելով, Հայաստան վերադառնալուց հետո որոշում է ուսումնասիրել, բացահայտել հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները։
«2015թ-ին հաճախելով գործվածքի վրա նկարչության՝ բատիկ սիրողական դասընթացների՝ վերահամոզվեցի արվեստի հանդեպ իմ սիրո հարցում։ Սա նաև հնարավորություն էր սեփական ինքնությունն առավել լավ ճանաչելու, զգալու. չէ՞ որ հայկական տառերը, զարդարվեստը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն են։ Մեծագույն ցանկությունս է հայոց հնադարյա տառարվեստին, զարդարվեստին ժամանակակից, ինքնատիպ շունչ հաղորդելը»։
Տարիների հետ զարգացնելով նկարչական տեխնիկան՝ Արմենուհի Սաղդասարյանը տառերի պարզ ձևավորումից անցավ առավել բարդ հավաքածուների ստեղծմանը։
Լիբանանում ապրելը մայր Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը, գրավչությունը, կարոտը բազմապատկել է, Արմենուհին ասում է՝ հայրենիք գալով խորապես համոզվեցի, որ միայն այստեղ՝ հայոց հողի վրա ապրելով է հնարավոր լիարժեք հայ զգալ։ Բարձր գնահատելով սփյուռքի՝ հայկականության պահպանմանն ուղղված նվիրական ջանքերը, Արմենուհին հույս է հայտնում, որ մի օր էլ մետաքսանկարչության նմուշները կտանեն օրինակ Լիբանան՝ այդ ցուցահանդեսն անվանելով՝ վերադարձ հայկական տառի մշակույթ՝ ԱՅԲ-ի խորհուրդ՝ այն է վերադարձ սեփական ինքնություն։