25/08/2022 19:48
Տեղեկատվությունն, իբր «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել, իրականությանը չի համապատասխանում․ հայտարարություն
«Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:
Այս մասին հայտարարել է Վիվա-ՄՏՍ ընկերությունը։
«Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ ԱԱԾ հայտարարությունից բացառապես Վիվա-ՄՏՍ-ին առանձնացնելն ու հիշատակելը «Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև այն, որ օրաթերթն անտեսել է հենց իր կողմից վկայակոչած՝ ԱԱԾ տրամադրած պատասխանն առ այն, որ, մեջբերում ենք. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», ակնհայտորեն ի ցույց է դնում «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հրապարակման մանիպուլյատիվ բնույթը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը գտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի 25.08.2022 համարում և առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումն ուղղված է Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն:
Վիվա-ՄՏՍ-ն իրավունք է վերապահում սույն հայտարարությունը հասանելի դարձնել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին, հաշվի առնելով այն, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը տարածվել է այլ ԶԼՄ-ներում, իսկ օրաթերթն անգամ հարկ չի համարել հրապարակումից առաջ ճշտել Վիվա-ՄՏՍ-ի դիրքորոշումը հրապարակման մեջ տեղ գտած պնդումների վերաբերյալ:
Վիվա-ՄՏՍ-ն անընդունելի է համարում նմանօրինակ կեղծ ու մտացածին լուրերի տարածումը տեղեկատվական դաշտում՝ անկախ լրատվամիջոցի հետապանդած օրակարգից և վճռական է իր գործարար համբավն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում»,- նշված է Վիվա ՄՏՍ-ի հայտարարությունում: