26/08/2022 19:48
Լեռնային հիվանդություն․ Խորհուրդներ բարձրլեռնային պայմաններին դիմակայելու համար
Լեռնային հիվանդությունը օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լեռնային հիվանդության հիմնական ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն` սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը և այլն:
Թթվածնաքաղցի առաջացմանը նպաստում են ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը, իոնացած օդը, անդրամանուշակագույն ճառագայթահարումը: Լեռնային հիվանդություն կարող է առաջանալ մեծ բարձրությունները շատ արագ (ոտքով, ավտոմեքենայով, ճոպանուղով և այլն) բարձրանալիս: Աստիճանաբար, դանդաղ բարձրանալու դեպքում հիվանդության ախտանշանները թուլանում են հարմարվելու շնորհիվ: Լեռնային հիվանդությունը, որպես կանոն, առաջանում է 4000 մ և ավելի բարձրություններում, սակայն գեր կամ թուլակազմ մարդկանց օրգանիզմում 1-ին ախտանշանները կարող են ի հայտ գալ նույնիսկ 1000 մ բարձրության պայմաններում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում թթվածնային անբավարարության ազդեցությունը (հևոց, գլխացավ և այլն) նկատվում է արդեն 3000 մ բարձրությունում։
Լեռնային հիվանդության բուժման համար պետք է վերացնել կամ թուլացնել օրգանիզմի հյուսվածքների թթվածնային քաղցը: Անհրաժեշտ է տուժածին իջեցնել բարձրությունից, թույլ տալ շնչել թթվածին կամ թթվածնի և ածխաթթվի խառնուրդ: Գլխացավի դեպքում խորհուրդ են տրվում ցավամոքիչ դեղանյութեր (ֆենացետին, ամիդոպիրին և այլն), որպես դրդող միջոց` թունդ սուրճ: Շնչառությունը խթանելու համար շնչել ամոնիակի 10 %-անոց լուծույթ (անուշադրի սպիրտ):
Լեռնային հիվանդության կանխարգելման նպատակով պետք է մարզումներ կատարել ճնշախցիկում: Լեռներ բարձրանալիս խորհուրդ է տրվում թթվածին շնչել, շաքարաջրով կիտրոնաթթու և վիտամիններ ընդունել: Բարձրլեռնային հարմարվողականության առաջին օրերին սահմանափակել ֆիզիկական բեռնվածությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։