26/08/2022 16:55
Մենք գրում, խոսում, հանրահավաքների ենք մասնակցում, իսկ իրենք իրենց սև գործն են շարունակում՝ հայաթափելով, գյուղ առ գյուղ հանձնելով Արցախը և թուլացնելով ՀՀ պետականությունը․ Աթայան
Մենք գրում, խոսում, հեզ ու հնազանդ հանրահավաքների ենք մասնակցում, իսկ իրենք իրենց սև գործն են շարունակում՝ հայաթափելով, գյուղ առ գյուղ հանձնելով Արցախը և թուլացնելով ՀՀ-ի պետականությունը
Շուտով կլրանա երկու տարին, երբ 44-օրյա ողբերգական պատերազմի կապիտուլյացիոն ակտից հետո ՀՀ-ում ամիսներով ընթանում են գերխաղաղ հանրահավաքներ, քայլերթեր: Մարդկանց մի զգալի հատված զբաղված է ֆեյսբուքյան պայքարով, մյուս մասը ակտիվորեն ստատուսներ ու հոդվածներ է գրում, իսկ հասարակության մի մեծ սեգմենտ անտարբեր ու անհաղորդ իր օրերն է մթնեցնում, կարծելով թե առկա ազգային խնդիրները իրենց չեն հասնելու ու չեն վնասելու:
Դժբախտաբար, մի զգալի հատված էլ և՛ Արցախից, և՛ ՀՀ-ից՝ արդեն իսկ համակերպվել է «ոչ մի փոփոխություն հնարավոր չէ» թեզի հետ ու իր ապագան տեսնում է արտերկրում՝ գաղթում է հայրենի երկրից։
Իսկ ինչ է անում իշխանությունը՝ ի դեմս քայլիստական սուտասանների ու դավաճանների խմբակի: Նրանք պատերազմում կրած ողբերգական պարտությունը մեծ իմաստով դրել են «կեղծ խաղաղության դարաշրջանի» հիմքում և դիվանագիտական ու քաղաքական «շուստրիությամբ» այն փորձում են առաջ տանել: Այդ գործընթացի տարրերին, գործիքակազմին ու ազգակործան հայասպան բնույթին հայ հանրությունն ավելի շատ ծանոթանում է թուրքադրբեջանական տանդեմի կողմից տրվող ինֆորմացիոն ազդանշաններից, որոնցում շատ պարզ ասվում է, որ թուրքիան առանց ադրբեջանի համաձայնության՝ հարաբերությունների հաստատման առումով ոչ մի դրական քայլ ՀՀ-ի նկատմամբ չի կատարի։
Իսկ մենք շարւնակում ենք գերհնազանդ, խաղաղ միտինգները, քայլերթները ու բոլոր այն քայլերը, որոնց միջոցով իշխանափոխություն իրականացնելն այս պահին ՀՀ-ում անհնարին է։
Մեծ իմաստով, կարծես ստացվում է, որ ավելի շատ զբաղված ենք իշխանափոխության իմիտացիայով, և այն լրիվությամբ բավարարում է իշխանազավթ խմբակին՝ իր սև գործը մինչև վերջ կատարելու համար:
Աշխարհքաղաքական ու կրոնական առումով մենք այնպիսի մի տարածաշրջանում ենք, որտեղ համատարած մուսուլմանական ռեգիոնում միայն երեք քրիստոնյա օազիսներ կան՝ ի դեմս Արցախի, Հայաստանի և Վրաստանի՝ ու պատահական չէ, որ Թուրքիան հանուն թուրանի գաղափարի իրականացման, իր ճանապարհին գտնվող այս պետություն արգելքները բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով ցանկանում է ենթարկեցնել իրեն ու այդ առումով, մասնավորապես, ՀՀ-ում ստեղծված վիճակը նրանց օգտին է, միանշանակ, և ոչ մեկը՝ անհատ կամ կուսակցություն, թող հույսեր չփայփայի, որ թուրքադրբեջանական ոհմակի կողմից օկուպացվող տարածքները հեշտությամբ են ազատագրվելու ։
Պարզից էլ պարզ է, որ աշխարհքաղաքական նոր ճարտարապետություն է հաստատվում, ու եթե քո սեփականը ի վիճակի չես պաշտպանելու՝ այն քեզնից կխլվի բիրտ ուժով կամ խելացի դիվանագիտությամբ, ու այդ երկու մոտեցումներն էլ վերջին երկու տարում ի վնաս մեզ աշխատել են։
Այնպես որ, հեզ ու հնազանդւթյամբ աշխարհին ոչ մի բան մենք չենք ասում, քանզի ավելի շատ գործում է «ուժն ու գործուն դիվանագիտություն է ծնում իրավունքը» թեզը, որի կիրառմամբ անկախության տասնամյակներին ունեցանք որոշակի հաջողություններ, սակայն այն մեր իսկ անմտածված գործողություններով ամբողջովին ձեռքից տվեցինք:
Պայքարի ձևերի ու մեթոդների ընտրության հարցում նորարարական, իրատեսական մոտեցումներ և քայլեր են պետք, այլապես երկիրը կորցնելուց հետո արդարանալու ոչ մի հիմք չենք ունենալու, կամ դրանից հետո արդարանալս որն է։
Հ.Գ. Մոտ մի ամիս է՝ դառը ապրումներով խոսում և քննարկում ենք Արցախի ինքնապաշտպանության բանակն Ադրբեջանի պարտադրանքով կազմալուծելու մասին, իսկ հիմա այն կմոռանանք, քանզի հատուկ կիրառվող տեխնոլոգիայով ու ժամանակացույցով և նույն ադրբեջանաթուրքական պահանջով, որի մասին Ալիևը ժամանակին ասել էր, արդեն իսկ կազմալուծվում է ՀՀ բանակը: Աչքներս լույս՝ 24 միլիոն դրամ մուծելով կարելի է ՀՀ բանակում ծառայել ընդամենը 4,5 ամիս (անկասկած այս նախագիծը իրենք կընդունեն):
Կեցցեն ՀՀ իշխանությունները, որ նման խինդ ու ուրախություն են բերում հայկական ընտանիքներ։ Ի՞նչ է պատահել՝ թուրք-ադրբեջանական տանդեմն իր հայտնի մեթոդներով մեզ ու մեր սահմանները կպաշտպանի։