26/08/2022 17:21
ECER 2022 համաժողովը կայացավ. բարձր մասնակցությունը, դրական կարծիքները, արդյունքներն ակնհայտ են. Նազիկ Հարությունյան
Երևանի պետական համալսարանում ամփոփվեց EERA համաժողովը։ 50 երկրից 800 մասնակիցներ ժամանել էին Հայաստան՝ ներկայացնելու կրթության զարգացմանը խոչընդոտող մարտահրավերներին, գլոբալ իրողություններին դիմագրավելու իրենց երկրների փորձը։
Իտալիայից Հայաստան ժամանած հետազոտող Տարոցցի Մասիմիլիանոն երևանյան համաժողովը յուրահատուկ փորձառություն է համարում. մինչ այդ մասնակցել է եվրոպական երկրներում կայացած համաժողովներին, ասում է՝ երևանյանն առանձնացավ հյուրընկալությամբ, բարձր կազմակերպվածությամբ, արդյունավետությամբ։
Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից առաջին անգամ Հայաստան ժամանած հետազոտողները կարևորում են արդյունավետ քննարկումները, նոր գաղափարները՝ կրթության մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համար, նաև հույս են հայտնում՝ համաժողովին ձեռքբերած կապերի շնորհիվ դարձյալ հնարավորություն կունենան Հայաստան գալու, տեղացի հետազոտողների հետ համագործակցելու։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ասում է՝ համաժողովի արդյունքը չորս տարվա նախապատրաստական աշխատանքների, ջանքերի շնորհիվ է։
«Մենք վստահ չէինք, որ 800 մասնակիցները կժամանեն Հայաստան, բայց բոլորը եկան, սկսնակ և փորձառու հետազոտողներ 50 երկրից չորս օր շարունակ դրական մթնոլորտում արդյունավետ, բուռն քննարկումներ ունեցան, ներկայացրին առաջարկներ, նոր գաղափարներ։ Մեծ պատիվ էր այդ շնորհալի մարդկանց ԵՊՀ-ում հյուրընկալելը. համաժողովը մեծ հարթակ էր, ամեն բան պետք է անեինք, որ միջոցառումը կայանար»։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենն արձանագրում է՝ բարձր մասնակցությունը, հետազոտողների դրական կարծքիներն ու գրանցած արդյունքները օբյեկտիվորեն փաստում են՝ համաժողովը կայացավ։
EERA նախագահ Ջո Օ’Հարան, ամփոփելով համաժողովի երևանյան արդյունքները, համոզմունք հայտնեց, որ համաժողովը Երևանում անցկացնելու ընտրությունը ճիշտ էր. այսպիսով EERA-ն ընդլայնում է սահմանները՝ Հայաստանն ինտեգրելով եվրոպական կրթական համայնքին, նպաստելով հայ և եվրոպացի հետազոտողների համագործակցությանը։
«Մեծ պատիվ էր Հայաստանում, ԵՊՀ-ում լինելը, պրոֆեսիոնալ մարդկանց հետ համագործակցելը, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի, կազմակերպիչների, սպասարկող անձնակազմի ջանքերով գերարդյունավետ համաժողով ստացվեց։ Բոլորն այստեղ խիստ հյուրընկալ են, ԵՊՀ-ն հրաշալի համալսարան է, բոլոր պայմաններն ու հնարավորությունները կային գիտակրթական միջոցառում կազմակերպելու համար»։
Միջոցառման ավարտին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով EERA-ին, բոլոր համալսարանականներին՝ համաժողովի կայացմանն ուղղած ջանքերի համար՝ հայտնեց՝ համաժողովի մասնակիցները ձեռնունայն չեն հեռանա Հայաստանից. ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի առաջարկով համաժողովի բոլոր բաժանմունքների նախագահների առաջադրած 50 լավագույն ելույթները գիտական հոդվածի տեսքով կտպագրվեն ԵՊՀ-ում լույս տեսնող «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտամեթոդական հանդեսում։