26/08/2022 14:49
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ. Ազատություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։
Բաքուն կոշտ արձագանքեց՝ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է», ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, այսօր հայտարարել է՝ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։
44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Մինչ Հայաստանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է՝ նման հարց այլևս գոյություն չունի, Մինսկի խմբին էլ թոշակի է ուղարկել: