27/08/2022 16:06
Աղավնոյից հեռանալիս Նարեն մեզ հրաժեշտ տվեց ռուս խաղաղապահի մեքենայի կողքին կանգնած, Ռոբերտ Աբաջյանի գիրքը ձեռքին
Երևանում հարցնում են՝ ինչո՞ւ ես տխրում Աղավնոյի համար. արժեքային սնանկության օրերին հայրենիքի համար տխրելն արտառոց մի բան է դարձել, և դա էլ է տխրության պատճառ, իսկ ամենամեծ ողբերգությունը որևէ այլ բանի անկարողությունն է։
2021 թվականին, պատերազմից հետո, առաջին անգամ գնացի Աղավնո՝ Արցախ։
Միայն ցավի սպասումով, տեսողությունս լարած՝ ամենուր թուրք էի փնտրում։
Հայեր են, ինքդ քեզ հանգստացնում ես, ապա սրտի թրթիռով կարդում՝ Արիավան։ Այստեղ քաջ մարդիկ են ապրում, պատերազմից հետո գյուղը լքելու ճնշում կար, բայց առանց ջրի, էլեկտրականության, մարդիկ վճռեցին մնալ Աղավնոյում, պայքարել՝ ապրելով։
Առանց թիկունքի ու պետության կամքի, Արիավանը դիմադրեց ընդամենը երկու տարի, Բերձորի դռներն առանց ուժի, «քաղաքակրթության բոլոր նորմերին համապատասխան» բացվեցին ադրբեջանցիների առջև. քաղաքակրթությունը մեռավ Բերձորում։
Որ ադրբեջանցիները բարբարոսաբար չպղծեն հայկական վանքերն ու խաչքարերը, ինչպես վարվեցին Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մեխակավանի վանքերի ու խաչքարերի հետ, Բերձորից տարհանեցին՝ ինչ հնարավոր էր. փաստորեն, պատերազմից հետո երկու տարում հնարավոր եղավ միայն խաչքարեր տարհանելու մեխանիզմը կատարելագործել։
Երևանում հարցնում են՝ ինչո՞ւ ես տխրում Աղավնոյի համար։ Այնտեղ՝ Արիավանում, մի աղջիկ էր ապրում՝ Բերձորում ծնված, տասներեքամյա ոսկեծամ Նարեն։ Ինձ հետ Աղավնո էի տարել Ռոբերտ Աբաջյանի գրքերը՝ երկու մեծ տոպրակով, վերցրել էի իմ ունեցած բոլոր գրքերը՝ համարելով որ պայքարի մասին պատմող գրքի լավագույն հասցեն Աղավնոն է։ Գրքերը տարել էի նաև անզորությունից. որևէ այլ բան չունեի Արցախին տալու։
Մի քանի գիրք թողեցի Աղավնոյի դպրոցում, մյուսները գյուղի երեխաներին էի բաժանում, երբ նկատեցի Նարեին։ Վառվռուն աչքերով աղջնակը վերցրեց գիրքն ու հարցին, թե ճանաչու՞մ ես Ռոբերտ Աբաջյանին, շտապ պատասխանեց՝ ճանաչում եմ Արցախի հերոսին։
Աղավնոյից հեռանալիս Նարեն մեզ հրաժեշտ տվեց ռուս խաղաղապահի մեքենայի կողքին կանգնած, Աբաջյանի գիրքը ձեռքին։ Վերադարձա Երևան՝ Նարեին ու Աբաջյանի գիրքը թողնելով անհայտության մեջ՝ հուսալով, որ ինչ-որ հրաշքով երկուսն էլ կմնան Աղավնոյում։
Երեկ խոսեցի Նարեի հետ, պատմեց, որ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Սյունիք, մի քիչ ամաչելով հարցրի՝ Աբաջյանի գիրքը քեզ հետ վերցրե՞լ ես, ասաց՝ իհարկե, ապա շարունակեց՝ դպրոցին նվիրած գրքերն էլ տարել են Ստեփանակերտ։
«Երազում եմ խաղաղություն լինի, ազատագրենք մեր հողերը, ունենանք կացարան, ունենամ քանոն». տասներեքամյա Նարեի երազանքներն են, իսկ Երևանում ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ես տխրում Աղավնոյի համար։
«Հայրենիք ասելով՝ հասկանում եմ մի վայր, որտեղ տղաները իրենց կյանքը չեն խնայել, որ մենք ապրենք, շենացնենք և ոտքի կանգնեցնենք։ Հայրենիքը վայր է, որտեղ ես եմ ծնվել»։ Նարեն ծնվել է Բերձորում, մինչդեռ Երևանում կան հայեր, որ պետության դասալքությունն արդարացնում են՝ «Բերձորը մեր հայրենիքը չէր» ասելով։ Բանականության ու բարոյականության բոլոր օրենքները տրորելով՝ այդ հայերը վերջին ցինիկի նման կկարողանան Նարեի աչքերին նայել, որովհետև մեծ մարդիկ անկարող են պաշտպանել Նարեին ու Նարեի հայրենիքն այդ հայերից։
Դպրոցական տարիներին, երբ կարդում էի՝ 1992 թվականին ազատագրվեց Բերձորը՝ «Կյանքի ճանապարհը», դժվարանում էի պատկերացնել՝ այդ ինչ ճանապարհ է, որ այդ անունն ունի։ Հետո շատ անգամ պիտի այդ ճանապարհով գնայի Արցախ՝ առանց որևէ արտառոց զգացումի, և միայն հիմա է, որ հասկանում եմ՝ կորցրինք կյանքի ճանապարհը, որին որևէ այլ ճանապարհ չի կարող փոխարինել, ինչպես հնարավոր չէ Հադրութում, Շուշիում կորցրած տունը փոխարինել մեկ ուրիշով։ Կյանքի ճանապարհը մեկն էր ու միակը՝ այն Արցախի ու մայր Հայաստանի վճռականության, անբաժանելիության, հավատարմության խորհրդանիշ ճանապարհն էր։
Այդ նույն կյանքի ճանապարհով մայր Հայաստան վերադարձան Արցախ ծառայության մեկնած վերջին զինվորները, կյանքի ճանապարհով Արցախից հանվեց ռազմական տեխնիկան, կյանքի ճանապարհով Աղավնոյում ապրող Նարեն ու ընկերները հեռացան իրարից, կյանքի ճանապարհը հիմա բաժանում է շրջափակված, համառությամբ ապրելու ճիգեր գործադրող Արցախին ու սեփական վախճանը հրավառություններով նշող մայր Հայաստանին։
«Աղավնոյում կկարոտեմ միաձև տները, գետը, բնությունը, ամեն ինչ»,- մեր կարճ զրույցը եզրափակում է Բերձորում ծնված, ոսկեծամ, տասներեքամյա Նարեն։