27/08/2022 19:12
«Մեր սկզբունքն է, որ մի երկիրը չի կարող ազդել մյուս, այդ թվում՝ հարևան երկրի ազգային շահերի վրա»․ Ադրբեջանում Իրանի դեսպանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Իրանը երկար տարիներ ապահովել է Ադրբեջանը Նախիջևանին կապող հիմնական ճանապարհը, դա շարունակվում է նաև այսօր, ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, դեսպանը հավելել է, որ Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերն Ադրբեջանի հետ։
«Դրանք կառուցվող երկաթուղիներն են։ Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքին», բայց գոյություն ունի գլխավոր միջանցք՝ եղբայրական Ադրբեջանի հետ։ Այդ գլխավոր միջանցքը 30 տարի է՝ Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցություններն իրականացվել են Իրանի տարածքով։ Մենք այդ միջանցքն ենք գլխավոր համարում։
Ինչ վերաբերում է նոր «միջանցքին», որը կկապի Ադրբեջանը Հայաստանի հետ, ապա դա կախված է երկու երկրներից և միջազգային հարց է հանդիսանում։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մյուս երկրի, այդ թվում՝ հարևան երկրի ազգային շահերի վրա»,- ասել է Սեիդ Աբբաս Մուսավին։